Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 22-ին եւ 23-ին իրականացված դիտարկումների ընթացքում հայտնաբերված կասկածելի մսեղիքի իրացումը կասեցրել է:
Ինչպես տեղեկանում ենք սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքից, հաշվի առնելով, որ ամանորյա տոներին ընդառաջ առեւտրի ծավալը նկատելիորեն մեծանում է, իսկ միս-մսամթերքի շուկան դառնում է ավելի ռիսկային՝ ծառայության պետի դեռեւս դեկտեմբերի 20-ի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչեւ 30-ը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման եւ պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է գրություն ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից առ այն, որ շուկայում իրացվում է սատկած խոզի միս: Ծառայության աշխատակիցներն անմիջապես ներգրավվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված Երեւան քաղաքի «Նորքի շուկա» եւ «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ստուգայցերին, որոնց ընթացքում վաճառվող խոզի մսեղիքներից իրականացվել է նմուշառում, նմուշները տեղափոխվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով, ստուգայցերի ընթացքում հայտնաբերված սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել եւ կապարակնքվել:




























