Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հաստատել է կառավարության կազմը, որն ավելի վաղ հրապարակել էր երկրի վարչապետ եւ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն: Այս առիթով հանդիսավոր արարողություն է կայացել Տոկիոյի կայսերական պալատում:
Երկրի Սահմանադրության համաձայն՝ կայսրը պետք է հաստատի նախարարների կազմը, որից հետո կառավարությունը պաշտոնապես անցնում է իր պարտականությունների կատարմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Աբեն հաստատել էր իր կառավարության կազմը՝ միայն մեկ փոփոխություն կատարելով. Պաշտպանության նախարար է դարձել Գեն Նակատանին, որը նախկինում արդեն զբաղեցրել էր այդ պաշտոնը՝ Ձյունյիտիրո Կոյիձումիի կառավարությունում, 2001-2002 թթ.: Այդ պաշտոնում նրա նախորդ Ակինորի Էտոն անձամբ է ցանկացել հեռանալ՝ իր քաղաքական հիմնադրամներում հայտնաբերված խախտումների պատճառով:
Մնացած բոլոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները, որն Աբեին լիովին թույլ կտա հետագայում էլ պահպանել քաղաքական ներկայիս ուղղությունը, ինչպես նաեւ իրականացնել տնտեսական բարեփոխումները, որոնք ստացել են «աբենոմիկա» անվանումը:




























