NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The Washington Post»-ի մոսկովյան խմբագրության ղեկավար Մայքլ Բիրնբաումի հոդվածը:
Եվրասիական տնտեսական միությունը պետք է դառնար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական գլխավոր հաղթաթուղթը. հզոր միություն՝ Ուկրաինայից մինչեւ Խաղաղ օվկիանոս, որը կմրցակցեր Եվրամիության հետ: Սակայն Ուկրաինայում ծայր առած հակամարտությունը, հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պակտը չեն համապատասխանում Պուտինի տեսլականին՝ Կրեմլին հարեւանների քաղաքականության վրա ավելի մեծ իշխանություն տալու վերաբերյալ:
Դրա փոխարեն Պուտինն անհուսալի դաշնակիցների գործընկերություն է ձեւավորում: Ժամանակին նա դաշինքը դիտարկում էր որպես Խորհրդային Միության քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը որոշակիորեն վերականգնելու միջոց՝ քաղաքական եւ տնտեսական ռազմավարությունը Մոսկվայում կենտրոնացնելու ճանապարհով: Ուկրաինան պետք է պուտինյան նախագծի մարգարիտը դառնար, որն այդ երկրի 45 մլն բնակիչներին պետք է կապեր Ռուսաստանի դաշտում տնտեսական զարգացման հետ:
Արեւմտյան պատժամիջոցներն ուժեղ հարված հասցրեցին ռուսական տնտեսությանը: Իսկ Կրեմլի պատասխան միջոցն արեւմտյան սննդամթերքի մեծ մասի ներմուծման արգելքն էր, որը խախտեց առանց սահմանների տնտեսական միության գաղափարը, քանի որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Բելառուսն ու Ղազախստանը, շահագրգռված չեն նման արգելքին մասնակցությամբ:
Ռուսաստանի գործընկերները վախենում են իրենց երկրներում ուկրաինական բռնության կրկնությունից եւ մտահոգվում Ռուսաստանի տնտեսական խնդիրները երկրից դուրս տարածվելու առնչությամբ: Բելառուսն ու Ղազախստանը մեծաթիվ էթնիկ ռուս բնակչություն ունեն, որոնց Կրեմլն օգտագործում էր՝ հարեւանների վրա ճնշում գործադրելու նպատակով, երբ վերջինները դուրս էին գալիս շարքից: Բացի այդ, սպասվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը հաջորդ կրճատվելու է, իսկ այս տարի արդեն ռուբլին դոլարի նկատմամբ անկում ապրեց 40%-ով:
Դա հանգեցրեց նրան, որ Ռուսաստանի գործընկերները սկսեցին զգուշավորություն ցուցաբերել իրենց ինքնիշխանությունը զիջելու հարցում՝ այն չափով, որքան կցանկանար Պուտինը: Իրենց անկախությունը ցուցադրելու համար Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներն օրերս այցելեցին Կիեւ եւ հայտարարեցին տնտեսական ճգնաժամի պայմաններում Ուկրաինային աջակցության ծրագրերի մասին:
Ռուսաստանի հասցեին կոշտ խոսքերի եւ Միացյալ Նահանգների հետ աճող սեթեւեթանքի պատճառով Լուկաշենկոն այս շաբաթ նախազգուշացում ստացավ Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովից: Վերջինը հիշատակեց Հարավսլավիայի, Լիբիայի եւ Իրաքի նախկին՝ արդեն մեռած առաջնորդների մասին: Ամեն դեպքում, վերլուծաբանների կարծիքով, եթե անգամ «սառը պատերազմի» մակարդակով լարվածությունը խախտեց Եվրասիական միության հետ կապված Պուտինի որոշ նախնական հույսերը, այդ ուղղությամբ ջանքերը շարունակում են մնալ Կրեմլի ուշադրության կենտրոնում:




























