Դեկտեմբերի 24-ին Երեւանում կայացան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջեւ:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից` Թուրքմենստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիեւը:

Երկուստեք բարձր գնահատվեց հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում նշվեց դեկտեմբերի 23-ին Երեւանում հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը, առեւտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, սպորտի եւ զբոսաշրջության, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար բնագավառներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին հայ-թուրքմենական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին: