Հայաստանի բեռնափոխադրումների աշխարհագրություն ընդլայնվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողներին հայտնել է «Ապավեն» հայկական էքսպեդիտորական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ աշխարհագրությունում գերակշռում էին սեւծովյան ուղղությունները, ամենածավալուն բեռը (մետաղական կոնցենտրատներ) արտահանվում էին հիմնականում Բուլղարիա: Միջերկածովյան երկրների շարքում առաջին տեղում Իսպանիան է:

«Բայց այս տարի ավելացել են պատվերներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Չինաստանն ու Կորեան»,-նշել է Աղաջանյանը:

«Ապավենի» տնօրենն ընդգծել է, որ հայ բեռնափոխադրողները շարունակում են կատարել իրենց աշխատանքը նախկին ծավալներով: «Վերջերս մեզ մոտ էր Փոթիի նավահանգստի գլխավոր տնօրեն Ջոզեֆ Քրոուլին: Դիտելով մեր տերմինալը, նա այն գնահատեց որպես չոր նավահանգիստ: Դա դրական տերմին է մեր ոլորտում, որը նշանակում է, որ բեռների սպասարկման համար մենք ունենք ամեն ինչ, բացի ծովից: Մնացած ամեն բան կա»,-հավելել է Աղաջանյանը: