Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում` Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածի 14-րդ կմ-ում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի 34 DR 820 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ 24-ամյա Մհեր Մ.-ն եւ ուղեւոր 30-ամյա Ա. Մ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը:




























