Ռուսաստանը մեծ երկիր է՝ զարգացման շատ անհավասար մակարդակով: Առանցքային խնդիրներից մեկն ինստիտուցիոնալիզմի պակասն է, Slon Magazine-ի հետ զրույցում ասել է «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար, «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով այն մասին, թե կառուցվածքային որ բարեփոխումները չեն կայացել Ռուսաստանում:

«Խնդիրները շատ են, Ռուսաստանը մեծ երկիր է՝ զարգացման շատ անհավասար մակարդակով: Առանցքային խնդիրներից մեկն ինստիտուցիոնալիզմի պակասն է: Մենք շատ «անձնավորված» երկիր ենք, կարիք ունենք անձերից անկախ գործող համակարգերի՝ ինստիտուտների: Ինստիտուցիոնալացումը նշանակում է ունենալ հնարավորություն աշխատելու երկրի եւ մասնավորապես ինստիտուտների նկատմամբ ունեցած մեծ վստահության պայմաններում»,- ասել է նա:

Մեկնաբանելով վերջերս իր կողմից արված հայտարարությունը, թե պետք է սեփականատերերին փրկելուց անցում կատարել անմիջականորեն բիզնեսը փրկելուն, Ռ. Վարդանյանը նշել է, որ դա շատ հեշտ է:

«Օրինակ երբ AIG-ը խնդիրներ ուներ, այնտեղ փոխեցին մենեջմենթը, սեփականատերերը կորցրին իրենց բոլոր ներդրումները, պետությունը մեծ փողեր ներդրեց, վերակազմավորում եղավ, եւ արդեն նոր սեփականատերերը սկսեցին կառավարել բիզնեսը: Եվ սա միշտ չէ, որ նշանակում է, թե դու այդքան վատն ես, պարզապես տնտեսական իրադրությունը կարող է այդպես դասավորվել, որ կորցնես ունեցածդ: Նման ինստիտուտների ձեւավորումը մեծ աշխատանք է: Իսկ մեզ մոտ ամեն ինչ այլ է. 2008–2009թթ. սեփականատերերին օգնում էին պահպանել ակտիվները՝ վախենալով, որ արեւմտյան վարկատուները եւ շուկայի այլ մասնակիցներ դրանք գնելու իրավունք կստանային եւ Ռուսաստանի շահերից չէին գործի կամ մեկ այլ բան», - ասել է նա՝ հավելելով, որ սնանկացման եղանակով փոխարինումը Ռուսաստանում չի գործում:

«Բայց սնանկացումը ողբերգություն չէ: Մարդիկ բիզնես են սկսել, չի ստացվել. Հարկավոր է վերակազմակերպել, վաճառել անպետք ակտիվները, թողնել լավագույնները: Աշխատանքային ծանր գործընթացը շատ ցավոտ է, բայց ողբերգություն չէ: Ավելին, կարծում եմ, որ Ռուսաստանում խնդիրներից մեկն այն է, որ ընկնելը վերջ չհամարելու մշակույթ չկա: Մարդն ընկել է, պետք է բարձրանա եւ շարունակի առաջ գնալ: Եթե մարդը մեկ անգամ ընկել է, դա դեռ չի նշանակում, որ կարելի է նրա վրա խաչ քաշել: Եթե նա չի խախտել բարոյական եւ բարոյագիտական նորմերը, ապա ունի երկրորդ հնարավորության իրավունք», - ասել է Ռուբեն Վարդանյանը: