Վլադիվոստոկում գողերը վերադարձրել են իրենց գողացած ամանորյա նվերները, որոնք բարեգործական ակցիաների միջոցով հավաքվել էին մանկատների երեխաների համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Վլադմամա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սվետլանա Կանյան:
«Չարագործները գիշերը թալանել էին կամավորի մեքենան, որում մանկատան 55 սաների համար նվերներ կային: Ավտոմեքենայից հափշտակել էին արժեքավոր իրերն ու նվերները: Կամավորն իսկույն ոստիկանություն էր դիմել», — ասել է Կանյան:
Նշվում է, որ գողացված նվերները նույն օրը վերադարձվել են:
«Կարծում եմ՝ գողերը շտապելով կոտրել են մեքենան եւ հափշտակել փաթեթեները: Հետո մեր ֆիրմային պիտակներից հասկացել են, որ դրանք մանկատան երեխաների ամանորյա նվերներն են: Նրանց խիղճն արթնացել է եւ հետ են վերադարձրել նվերները», — բացատրել է Կանյան:




























