Եմենի մայրաքաղաքում առեւանգել են ներքին գործերի քաղաքական անվտանգության վարչության տնօրեն, գեներալ Յահյա Ալ-Մարանիին:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ «Անսար Ալլահ» շարժման զինված կողմնակիցները առավոտյան ներխուժել են  Ալ-Մարանիի Սանայում գտնվող նստավայր եւ տարել անհայտ ուղղությամբ:

Առեւանգման փաստը հաստատել է գեներալի ընտանիքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի կեսերից հուիստները երկրի մի շարք շրջաններում զանգվածային ցույցեր են անցկացնում այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին նավթամթերքի սուբսիդիաների կրճատման մասին, ինչը հանգեցրել էր բենզինի գնի կրկնակի աճի: Հիմնական պահանջը «կոռումպացված կառավարության» հրաժարականն էր: