2014թ. արտաքին քաղաքականության ոլորտում որոշ ձեռքբերումներով լի էր, սակայն տնտեսական առումով մի փոքր թույլ: Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ՀՀԿ խմբակցությունից Կարինե Աճեմյանը:

«Տնտեսության մեջ, ցավոք, չունենք լուրջ առաջընթաց եւ այն բյուջեն, որն ընդունվել է 2015թ. համար, ոնց որ թե չի նպաստում առաջընթացին եւ լինելու է, այսպես ասած, գոյատեւման բյուջե, եւ մեծ կախվածություն ենք ունենալու մեր հարեւան երկրների տնտեսական աճի տատանումներից, ինչը վստահություն չի ներշնչում, որ Հայաստանում իսկապես տնտեսական զարգացում տեղի կունենա»,- ասաց Թեւան Պողոսյանը։

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը երկրի համար դրական առաջընթացի հնարավորություն կտա:  

«Մեր հանրապետության նախագահին հաջողվել է իրականացնել ճկուն եւ հավասարակշռված քաղաքականություն, քանի որ մենք տեսնում ենք, որ Եվրասիական միության ինտեգրացիան կատարվեց, եւ մեր տեղը մենք այնտեղ ամրագրել ենք արդեն: Եվ ի տարբերություն Թեւան Պողոսյանի՝ ես շատ մեծ հույս ունեմ, որ այս միավորումը կկայանա, քանի որ այդ միավորման կայացումից կախված է նաեւ մեր տնտեսական իրավիճակը եւ ճիշտ աշխատանքի դեպքում մենք կկարողանանք 2015-ին գրանցել այդ առումով հաջողություն»,- ասաց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Կարինե Աճեմյանը նշեց նաեւ, որ թեեւ 2014թ. Ազգային ժողովում ընդունված մի շարք օրենքները հասարակության շրջանում ընդվզումների առիթ են տվել, բայց ինքը հույս ունի, որ 2015թ. այլեւս մարդիկ դժգոհելու առիթներ ավելի քիչ կունենան։

 «Ես ցանկանում եմ, որ 2015թ. մեր ժողովուրդը չբողոքի ոչ միայն նրա համար, որ պարզապես չբողոքի, այլ առիթներ քիչ լինեն:  Մեզ մեղադրեցին տարբեր բարեփոխումներ իրականացնելու մեջ, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում բոլորը կզգան, որ դրանք միտված են միայն հասարակությունը դրական ճանապարհով տանելուն եւ իրենց մեջ որեւէ բացասական գործընթաց չեն պարունակում»,- ասաց Կարինե Աճեմյանը:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Թեւան Պողոսյանը նշեց նաեւ, որ 2014թ. Հայաստանի արտաքին հարաբերություններում մեծ առաջընթացի տարի էր։

«2014թ. վերականգնվեցին հայ-ուկրաինական նորմալ աշխատանքային հարաբերությունները: Հայաստանը լավ թե վատ իմաստով կարողացավ շարունակել իր համագործակցությունը Եվրամիության հետ: Կարեւոր իրադարձություն էր նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը, որի ընթացքում առաջին անգամ հնչվեց, որ Հայաստանը հետամուտ է լինելու Հայոց  Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, հատկապես տարելիցի շեմին, ինչպես նաեւ ԼՂՀ հիմնախնդրի շեշտադրումները, որոնք Ադրբեջանը միշտ փորձում էր շահարկել մեր դեմ՝ հիշատակելով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 կոնվենցիաները»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ ավելացնելով, որ ներքին քաղաքական դաշտում եւս բազմաթիվ հաջողություններ գրանցվեցին ընդդիմադիր ուժերի կողմից՝ սկսած տարբեր հանձնաժողովների ձեւավորմամբ մինչեւ ԱԺ արտահերթ նիստեր: