Դրամի արժեզրկումը լրջորեն ազդեց լայն սպառման ապրանքների գների վրա: Այս մասին դեկտեմբերի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Պետհանձնաժողովը, հավելել է նա, առաջին անհրաժեշտության այն ապրանքների մոնիտորինգ է անցկացնում, որոնց շուկայում համեմատաբար քիչ մասնակիցներ կան, նշանակում է՝ նաեւ ոչ մեծ մրցակցություն: Այստեղ ներառված են շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի, բենզինի եւ մի քանի այլ ապրանքների շուկաներ:

ՏՄՊՊՀ-ն տնտեսվարող սուբյեկտներից մանրամասն տեղեկություններ է խնդրել եւ դեկտեմբերի առաջին շաբաթների վերլուծություն է իրականացնում: «Առայժմ կարող եմ ասել, որ դրամի արժեզրկումը լրջորեն ազդեց գների վրա: Փոխարժեքի կայունացումից հետո դրանք զգալի իջան», - նկատել է Շաբոյանը: Միաժամանակ, հավելել է նա,  Պետհանձնաժողովը չի հետեւում մսամթերքի, ընդեղենի, խնձորի եւ այլ շուկաներին, որտեղ մրցակցող ընկերությունների թիվը բավական է, որպեսզի  գները ձեւավորի շուկան: