Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք լայն սպառման ապրանքների գների մասին տվյալներ է ներկայացրել: Տվյալները ստացվել են վերջին 10 օրերի ընթացքում Երեւանի մանրածախ առեւտրի խոշոր խանութների դիտարկման արյունքներով:
Պետական հանձնաժողովի տվյալներով՝ դեկտեմբերի 16-17-ին բարձրացել են հիմնականում ներմուծվող ապրանքների գները: Շաքարի գինը բարձրացել է 22%-ով (կգ-ի դիմաց միջինում 395-ից մինչեւ 482 դրամ), սերուցքային կարագը՝ 20%-ով (1 կգ-ի համար նվազագույն գինը 2940 դրամից հասել էր 3520 դրամի), արեւածաղկի յուղը՝ 21,7%-ով (1 լիտրի դիմաց 830-835-ից մինչեւ 1010-1020 դրամ): Քիչ ավելի թույլ է թանկացել ալյուրը (մեծածախ շուկաներում՝ բարձր կարգի 1 կգ-ի դիմաց 313-325 դրամից մինչեւ 325-345 դրամ): Տեղական մթերքների՝ սմետանի, պանրի, կեֆիրի, կաթնաշոռի, հավկիթի գները գործանականում չեն փոխվել:
Հաջորդող օրերին գները նկատելիորեն նվազել են. այսպես, արդեն դեկտեմբերի 18-ին շաքարի գինը նվազել է մինչեւ 401 դրամ, իսկ դեկտեմբերի 24-25-ին՝ մինչեւ 369 դրամ: Սերուցքային կարագի գինը համապատասխանաբար իջել է մինչեւ 2930 եւ 2600 դրամ, արեւածաղկի յուղը՝ 840 եւ 770-780 դրամ, ալյուրը՝ 292 եւ 296-274 դրամ: Այլ խոսքով՝ գները մոտենում են նոյեմբերի վերջի մակարդակին:



























