Արժութային տատանումների բացակայության դեպքում բենզինի գների աստիճանական նվազեցումը ավելի ակնհայտ կլիներ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Պետական հանձնաժողովի դիտարկման համաձայն, բենզինի գները, սկսած սեպտեմբերից, աստիճանաբար նվազել են. սեպտեմբերին 470 դրամից (1 լ ռեգուլյար բենզին) նոյեմբերի կեսին գինը իջել է մինչեւ 440: Այնուհետեւ գինը կրկին բարձրացել մինչեւ 470 դրամ: Այլ խոսքով՝ թանկացումը կազմել է 6 – 7%: «Դրա հետ մեկտեղ այդ նույն ժամանակահատվածում հայկական դրամը 13%-ով արժեզրկվեց: Եթե ազգային արժույթի արժեզրկում չլիներ, բենզինի գների աստիճանական նվազեցումը ավելի ակնհայտ կլիներ: Շատ քաղաքացիներ հարցնում են, թե ինչու բենզինի գնի նվազեցումը համարժեք չէ վերջին ամիսներին նավթի էժանացմանը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նավթի գինը բենզինի գնում համեմատաբար քիչ տեսակարար կշիռ ունի ՝ մինչեւ 10%: Ծախսերում մեծ բաժին են կազմում նավթի վերամշակումն ու հարկերը: Ուստի բենզինի եւ նավթի գները փոխկապված են, սակայն ոչ 100%-ով», - նշեց Շաբոյանը:



























