Հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 3 անձ։
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ.Բաբայանը եւ երկու շարքային զինծառայող։ Մ.Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։
Շարքային զինծառայողները կասկածվում են Դ.Քոլոյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով ծաղրուծանակի ենթարկելու, վիրավորելու մեջ։
Շարքային զինծառայող Սիմոնյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) եւ 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Զինծառայողին վիրավորանք հասցնելը), իսկ շարքային Չապուխյանը՝ 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 10:15-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էր, թե միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Մեր տեղեկություններով՝ նա զորակոչվել էր 2013թ գարնանը, ընդամենը մի քանի ամսից տուն պետք է վերադառնար: Քոլոյանը բնակվում էր Նոր Նորքում:




























