Պետք չէ ռուսներին խանգարել գալ Հայաստան եւ այստեղից գնումներ կատարել: Այդ մասին NEWS.am թղթակցին հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Եվրասիական երկրների քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ գնել հնարավորինս շատ ապրանքներ՝ առանց հարկագանձման: «Եթե Ռուսաստանում 2013թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 14 612 դոլար, Ղազախստանում՝ 13 610, Բելառուսում՝ 5 755 դոլար, Հայաստանում՝ 3 505 դոլար, ապա հարց է ծագում՝ ո՞վ ավելի շատ գնումներ կկատարի՝ նրա՞նք, թե՞ մենք: Իհարկե առաջինը: Իսկ մենք միայն մտածում ենք ավելի շատ հարկ հավաքելու մասին: Պետք է մեկ քայլ առաջ մտածել», - կոչ արեց Այվազյանը:

Նշենք, որ դեկտեմբերին ընդունված «Մաքսային կարգավորումների մասին» օրենքով բարձրացվել է անձնական սպառման ապրանքների ներմուծման-արտահանման  շեմը: Այսպես, ֆիզիկական անձանց փոստային բեռները կհարկվեն, եթե մեկ ամսվա ընթացքում դրանց արժեքը գերազանցի 200 հազար դրամը (գործող փոխարժեքով, մոտ 435 դոլար): Ցամաքային սահմանի հատման դեպքում ֆիզիկական անձանց ուղեբեռի համար շեմը բարձրանում է մինչեւ 1500 եվրո: Իսկ ահա օդանավակայանով ժամանողների համար շեմը կազմում է 10 հազար եվրո: Բեռների սահմանափակումները՝ 50 կմ՝ ուղեկցող բեռների համար, 30-ը՝ փոստային: Ներկայիս սահմանափակումը կազմում է 20 կգ:

Փոստային բեռի արժեքը 200 հազար դրամը գերազանցելու եւ մինչեւ 1000 եվրոյի սահմանում գտնվելու դեպքում երրորդ երկրների ապրանքների համար մաքսատուրք+ԱԱՀ-ն կկազմի 22,5%, իսկ ԵՏՄ երկրների համար՝ 20%: