Թուրքիայի Քոնիա քաղաքի լիցեյներից մեկի 16-ամյա աշակերտը, ով ձերբակալվել էր Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով, ստորագրությամբ ազատ է արձակվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քոնիայի լիցեյներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ Մ.Է.Ա.-ի փաստաբանները բողոքարկել են աշակերտի նկատմամբ դատարանի կայացրած կալանման որոշումը։  Բողոքարկումը դիտարկած Քոնիայի վարչական 2-րդ դատարանը որոշել է փոխել աշակերտի նկատմամբ կալանքի որոշումը՝ նրան ստորագրությամբ ազատ արձակելով։

Նշենք, որ օրեր առաջ Քոնիայի այգիներից մեկում դասընկերների հետ մի միջոցառման ժամանակ Մ.Է.Ա.-ն հայտարարել էր, թե Էրդողանը իշխանության մեջ գողերի հովանավորն է, որից հետո հաջորդ օրը նրան բերման էին ենթարկել դպրոցից, իսկ դատարանը նրա նկատմամբ կալանքի որոշում էր կայացրել։