ՀՀ տրանսպորտի նախարարությունը կքննարկի, թե որտեղ է ավելի ճիշտ տաքսու կայանատեղերի ստեղծումը: Այս մասին դեկտեմբերի 26-ին տաքսիստների հետ հանդիպման ժամանակ  ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նա նշել է, որ եթե  2008թ. Երեւանում օրինական կայանատեղիներ գրեթե չկային, ապա հիմա դրանց թիվը հասնում է շուրջ 70-ի:

Ի պատասխան տաքսիստներից մեկը՝ Արտաշես Միսաքյանը, հայտարարել է, որ կայանատեղիները շատ անհարմար տեղում են, «կենտրոնից կտրված»: «Նորքի 9-րդ զանգվածում, դրանք ո՞ւմ են պետք: Կամ գերեզմանատների հարեւանությամբ: Ի՞նչ երթեւեկություն կարող է լինել այնտեղ, այն էլ՝ կլոր տարին»,- ասել է նա:

Նախարարը հարցը միանգամայն լուծելի է համարում. պարզապես պետք է Երեւանի քաղաքապետարանի եւ Ոստիկանության հետ քննարկել՝ որտեղ է ավելի հարմար կայանատեղիների կազմակերպումը, որպեսզի դրանք չխոչընդոտեն քաղաքային երթեւեկությանը: