«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, այսօր՝ դեկտեմբերի 26-ին,  արդեն մի քանի ժամ է՝ նախագահական նստավայրի մոտ «աշխատավարձ», «աղքատավարձ», «նախագահ» վանկարկելով սպասում են, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունի իրենց:

Ավելի վաղ աշխատակիցներին նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ Վիգեն Սարգսյանը  խորհրդակցության է, ավարտելուն պես կհանդիպի նրանցից 6-ի հետ:

«Մենք մեր պահանջն ենք ներկայացնելու՝ մեր աշխատավարձային պարտքերը վճարելը: Ամսի 6-ին մոտ 1800 հոգի ազատվելու է , որոնց վերջնահաշվարկի հարցը լուծված չէ: Եթե այսօր չպայքարեն, հետո չենք կարա պայքարենք»,- NEWS.am-ին ասաց նաիրիտցիներից Մավրիկ Փարսիյանը:

Թեեւ նաիրիտցիիները սպասում են հանդիպմանը, բայց նրանցից շատերը դրական սպասելիք չունեն այդ հանդիպումից:

«Ոչ մի ակնկալիք չունենք, մեզ ասել են՝ հույս մի դրեք, բայց ճարահատյալ եկել ենք, ինչ անենք: Հա էլ պիտի գանք, միշտ էլ պիտի գանք, էնքան, որ մեր երեսն իրենցից պադոշ ա, պիտի էնքան գանք, որ մի բանի հասնենք: Մենք պիտի պայաքարենք մինչեւ վերջ: Մեր պայքարը շատ ազնիվ պայքար ա, մենք պետք ա պայքարենք, մեր փողերը ստանանք, ոնց էլ գցես-բռնես: Ամեն օր էլ գալու ենք, պայքարելու ենք»,- NEWS.am-ին ասացին բողոքող նաիրիտցիները:

Նաիրիտցիներն այս պահին դեռ նախագահական նստավայրի մոտ են:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք օրեր շարունակ հավաքվել են Կառավարության մոտ եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

«Նաիրիտ»  գործարանի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերի 16-ին, հունվարին կստանան դեկտեմբերի աշխատավարձը, սակայն գործարանի 2215 աշխատակիցներին արդեն աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել: Հունվարի 6-ից հետո պայմանագրեր կկքնվեն 500 աշխատակցի հետ: