ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 9-ին հանդիպել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Էդմունդ Մասքիի անվան ծրագրի շրջանակներում 2010 թ. կրթաթոշակ ստացած հայաստանյան կրթաթոշակակիրների հետ։ Կրթաթոշակին արժանացած 15 անձինք ծրագրի շրջանակներում 2010 թ. օգոստոսին կմեկնեն ԱՄՆ` ուսումնառություն ստանալու գործարար կառավարում, հանրային կառավարում, հանրային առողջապահություն, գրադարանային ու տեղեկատվական գործ, իրավագիտություն և այլ մասնագիտություններով։
Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը շնորհավորել է կրթաթոշակակիրներին եւ մասնավորապես նշել , որ անհրաժեշտ են բոլորի ջանքերը որակյալ կրթությունը խրախուսելու գործում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ աջակցում է երիտասարդության ինտելեկտուալ աճին։
Կրթաթոշակակիրներին շնորհավորել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը և «ԱՅՐԵՔՍ-Հայաստան» կազմակերպության Կրթական ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Արինա Զոհրաբյանը։
ԱՄՆ պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի Էդմունդ Մասքիի կրթաթոշակային ծրագիրն ստեղծվել է 1992 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից` նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարությանն ու տնտեսական զարգացմանը Եվրասիայում։ Մինչ օրս Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Մասքիի ծրագրով կրթաթոշակ են ստացել 375 հոգի։


























