CreditCards.com վերլուծական կայքի մասնագետները Ամերիկայի 1000-ից ավելի բնակիչների շրջանում հարցում են անցկացրել եւ եզրակացրել, որ   ամերիկացիների ավելի քան 10%-ը կարծում է, որ կմեռնի նախքան վարկերը մարելը:

Այսպես, բնակիչների ընդհանուր թվի 13%-ը եւ վարկային պարտավորություններ ունեցողների  18%-ը կարծում է, որ կմեռնի նախքան պարտքերի մարումը:

Հարկ է նշել, որ մինչեւ 30 տարեկանների խմբի ներկայացուցիչներն առավել վստահ են իրենց ուժերի վրա եւ միայն նրանց 6%-ն է կարծում, որ չի կարողանա մարել վարկերը: Իսկ ահա ավագ տարիքային խմբի ներկայացուցիչները՝  65 եւ ավելի տարեկան, այնքան էլ լավատես չեն այս հարցում:  Այդ խմբի ներկայացուցիչների 31%-ը կարծում է, որ վարկերը չի հասցնի մարել նախքան իր մահը, փոխանցում է Informing-ը:

Իհարկե, նման միտումներն այնքան էլ չեն կաշկանդում ամերիկացիներին, քանի որ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ մահից հետո պարտքերը ժառանգաբար չեն փոխանցվում մեռնողի հարազատներին:

Մասնագետները նաեւ նշել են, որ քաղաքացիների եկամուտների եւ վարկերը չմարելու մտավախությունների միջեւ կապ չի նկատվել: Օրինակ, տարեկան 75 հազար դոլար եւ ավելի եկամուտ ունեցողները  նույնպես վախենում են, որ չեն հասցնի վարկերը մարել:

Մասնագետ վերլուծաբանները նաեւ պարզել են, որ Ամերիկայում ամենատարածվածը անշարժ գույքի եւ կրթության համար վերցվող վարկերն են:  Բացի այդ, ամերիկացիները ավելի շահավետ պայմաններով հիփոթեքը ստանալու համար վարկային դրական պատմություն են ստեղծում: