«Cult.am կայքի նախագիծը մի շարք առավելություններ ունի, մասնավորապես այլեւս պարտադիր չէ մոտենաք Մոսկվա կինոթատրոնի դրամարկղ, որպեսզի ձեռք բերեք կինոթատրոնի տոմսեր, այլ ձեր տանից, աշխատանքի վայրից դահլիճում պատվիրել տեղ՝ խնայելով ձեր ժամանակը»,- այսօր՝ դեկտեմբերի 26-ին ասաց «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը:

Կայքում տոմսերը վաճառվում են այն գներով, ինչ ներկայացված է «Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղում՝ առանց հավելավճարի կամ միջնորդավճարի:

«cult.am-ը աֆիշային բնույթի պորտալ է եւ նրանում զետեղված են Երեւանում տեղի ունեցող գրեթե բոլոր մշակութային միջոցառումները: Այժմ տոմսերի համար վճարումները ընդունվում եմ Visa, Master քարտերով, իսկ ապագայում նաեւ օնլայն վճարումների Idram եւ Arca համակարգերը կգործարկվեն»,- ասաց «Դինամիկա թեսթինգ սենթր»-ի տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը:

Վլադիմիր Խոյեցյանը նշեց նաեւ, որ այն տեղերը, որոնք արդեն վաճառվել են, հասանելի չեն լինի կայքում եւ պատվիրատուն չի կարող այն գնել:

«Կայքում քարտեզի վրա ցույց է տրված կինոթատրոնի դահլիճները իրենց նստատեղերով ե այն տեղերը, որոնք արդեն վաճառվել են սեւ գույնով են նշված եւ  իրար վրա համընկնելու ոչ մի ռիսկ չկա: Օնլայն պատվիրելուց հետո էլեկտրոնային հասցեին գալիս է pdf ֆորմատի նամակ, որն ուղղակի տպելով կամ հեռախոսի մեջ թողնելով, այն ներկայացնում եք Մոսկվա կինոթատրոն»,- ասաց Վլադիմիր Խոյեցյանը՝ նշելով, որ արդեն 3 ամիս է, ինչ նախագիծը սկսել են եւ հիմա արդեն օրական միջինում 100 տոմս է վաճառվում: