Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից, եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետեւանքներ:

Այս առնչությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային եւ ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների եւ ապրանքների գրանցմանը:

Այդ առթիվ հայտնում ենք, որ 2015թ. հունվարի 2-ից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքատեսակներ արտադրող, վերամշակող եւ պահեստավորող միայն այն ընկերությունների այն ապրանքատեսակները, որոնք գրանցված են ԵՏՄ անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության երրորդ երկրների ռեեստրում:

Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի N1205-Ն որոշման առաջին հավելվածով:

2015թ. հունվարի 2-ից հետո երրորդ երկրների ռեեստրում չգրանցված կազմակերպությունների ներառումը ռեեստրում կատարվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման, Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների եւ երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին» N1228-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Հարցերի դեպքում զանգահարեք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «թեժ գծի» հեռախոսահամարով՝ 010 20 60 40: