ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին քրգործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով (Դատավորի կողմից առաձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Կատարվում է նախաքննություն:



























