Երեւանից դուրս գործող անհատ տաքսիստների համար արտոնություններ են սահմանվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի տրանսպորտի նախարարության տրանսպորտային փոխադրումների քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելքոնյանը:

Նրա խոսքով, Երեւանում անհատ տաքսիստների համար պետտուրքն ամսական 12 հազար դրամ է, եռամսյակում՝ 35 հազար եւ տարեկան՝ 120 հազար: Մարզերում նախատեսվում է տուրքն ավելի պակաս սահմանել, բայց միայն ֆիզիկական անձանց համար:

Ավելի քան 4 մեքենա ունեցող տաքսի ծառայությունների համար տուրքը կազմում է տարեկան 200 հազար դրամ՝ անկախ գործունեության վայրից: 2-4 մեքենա շահագործելու դեպքում տուրքը տարեկան 100 հազար դրամ կլինի: Դա ավելի քիչ է, քան ֆիզիկական անձանց դեպքում, սակայն իրավաբանական եւ անհատ ձեռներեցների համար նախատեսված է եռամսյակային արտոնագրային վճար՝ 29 հազար դրամի չափով:

«Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա նրանք միայն մեկ վճարում են կատարում, ոչ մի այլ բան չի պահանջվում»,- հավելեց Մելքոնյանը: