ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մասով մաքսերի փոփոխություն չի նախատեսվում, հետեւաբար, դրանց գներն էլ չեն փոխվելու տարիներ շարունակ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ըստ պայմանավորվածության՝ մաքսային տոկոսադրույքների չափերի փոփոխությունն իրագործվելու է փուլային սկզբունքով, որպեսզի այն սոցիալական ցնցումների պատճառ չդառնա:

Անդրադառնալով ԵՏՄ տարածքից ներկրվող ցորենի գնին՝ Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրա մաքսային ռեժիմը նույնպես պահպանվելու է որոշ ժամանակահատված, այլապես տեղական արտադրողները լուրջ խնդիրների կառերեսվեին: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ առաջիկա ամիսների ընթացքում, երբ ուժի մեջ մտնի նոր մաքսային ռեժիմը, հնարավորություններն ու խնդիրներն ավելի տեսանելի կլինեն, եւ կառավարությունը համապատասխան հետեւություններ կանի դրանցից:

Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված արտարժույթի փոխարժեքի տատանումներին եւ դրանց հետեւանքով գրանցված գնաճին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այդ անկայունությունը լրջագույն մարտահրավեր է տնտեսության համար, սակայն կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գործիքներ կիրառել ծագող սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը ժամանակ գտնում է ընտանիքի համար: Ա. Հարությունյանը պատասխանել է՝ «Հիմնականում արձակուրդի ժամանակ տասն օր պարտադիր տրամադրում եմ ընտանիքիս, իսկ մնացած օրերին՝ այնքանով, որքանով ժամը 23:00-ից շուտ եմ տուն գնում: Հաճախակի հետեւում եմ զավակներիս դպրոցական ցուցանիշներին, եւ գոհ եմ դրանցից: Կրտսեր դստերս արդեն հասցրել եմ շախմատ սովորեցնել, եւ հաճույքով խաղում եմ նրա հետ: Ցավոք, ժամանակը քիչ է ընտանիքի համար, սակայն ի՞նչ արած, դա է»:

Վարչապետ Հարությունյանը պատասխանել է մի շարք այլ հարցերի՝ գալիք տարվա ծրագրերի ու ակնկալիքների, 2014թ. ձեռքբերումների եւ բացթողումների եւ այլ թեմաների վերաբերյալ: