Նախօրեին անհետացած AirAsia ընկերության օդանավը փնտրում են Ճավայի ծովի հատակին: Նման եզրակացության է հանգել ինդոնեզիական որոնողափրկարարական «Բամբանգ Սոելիստո» գործակալության ղեկավարը՝ հիմնվելով ստացված կոորդինատների վրա:
Սակայն նա զգուշացրել է, որ «սա ընդամենը նախնական եզրակացություն է», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Lenta.ru-ն, վկայակոչելով Detik.com պորտալը, հայտնում է, որ Բանկա-Բելիթունգ կղզիախմբի բնակիչները պատմել են, որ Ճավայի ծովի շրջանում պայթյուն են լսել: Այժմ փրկարարները որոնում են անհետացած օդանավը Նանգկա կղզու շրջանում: Տեղի իշխանությունները վթարի վայր են ուղարկել 11 արագանավ:
Ավելի վաղ Ինդոնեզայի ՌՕՈՒ-ում հայտնել էին, որ օդանավը փնտրում են Բելիթունգ կղզու շրջանում: Գործողության ղեկավարությունը որոնողական գործողությունը ծավալել է 7 հա-ի վրա: Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործողությունների գործակալությունում հայտնել են, որ որոնումներին մասնակցում են երկու օդանավ, երեք ուղղաթիռ եւ ութ փրկարար նավ: Որոնումների գոտի է ուղեւորվել նաեւ Սինգապուրի ՌՕՈՒ-ի երկրորդ ռազմատրանսպորտային օդանավը եւ այդ երկրի ՌԾՈՒ-ի երկու նավ:
Ինդոնեզիայի Սորաբայի քաղաքից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը:
AirAsia օդանավը կորցրել է կապը ցամաքային ծառայության դիսպետչերների հետ
Որոնումները սկսվել են օդանավի անհետանալուց անմիջապես հետո, դադարեցվել են մութն ընկնելուն պես եւ եղանակային վատ պայմանների պատճառով եւ վերսկսվել դեկտեմբերի 29-ի առավոտյան:



























