Անցնող տարվա ամենաանցանկալի իրադարձությունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումն էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ դա պատմական փաստ է, որով բնորոշվում է երկրի հետընթացը, իրադարձություն, որը չստացավ համարժեք արձագանք:
Պատգամավորն ընդգծել է, որ երբ ասում են ԵՏՄ-ին միանալը պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, դա ընդամենը առիթ է: «Անվտանգությունն ապահովված է, երբ դու ինքնուրույն ու անկախ ես: Այս դեպքում Ռուսաստանն ու իր գործընկերները՝ Բելառուսն ու Ղազախստանը, չեն մտածում մեր անվտանգության մասին: ԵՏՄ-ն ներկա տնտեսությամբ եւ կառավարման մոդելով, իհարկե, չի կայանա, բայց մեծ վնաս կհասցնի այնպիսի երկրի, ինչպիսին Հայաստանն է»,-վստահություն է հայտնել Փոստանջյանը:




























