2014թ. Հայաստանի համար ռիսկաշատ եւ բավական վտանգավոր անորոշությունների տարի էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, անցնող տարին ամփոփելով ասաց քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
«2014թ. բավական մոտ կանգնեցինք պատերազմին, եւ դրա շունչը զգացվեց, իսկ պատերազմներ հենց այնպես չեն լինում, ինչը նշանակում է, որ մենք մի քանի պարամետրերով ուղղակի հայտնվել էինք անորոշությունների մեջ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Վերլուծաբանի կարծիքով՝ առաջին անորոշությունը Հայաստանի՝ ԵՏՄ-ն անդամակցելու ժամկետը չհստակեցնելն էր, ինչը ձեռնտու էր Ռուսաստանին, քանի որ Հայաստանի եւ Եվրամիության հետագա հարաբերությունները անորոշության մատնվեցին։
«Սա մի գործոն էր, որը ստիպեց Ադրբեջանին շտապել Ղարաբաղի հետ կապված իր արկածախնդրությունը կյանքի կոչելու համար, որովհետեւ Ադրբեջանը չափազանց ագրեսիվ էր հետեւում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության խնդրին եւ նաեւ բավական ագրեսիվ քայլերի էր դիմում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահի կարծիքով ՝ երկրորդ անորոշությունը 2014թ. առաջին կեսին Հայաստանի նախկին կառավարության փորձ էր արագացնել Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը, սակայն դա այնքան էլ կախված չէր Հայաստանի իշխանությունների ցանկությունից, հետեւաբար խոստացված ռուսական ներդրումները չհոսեցին հայկական տնտեսական շուկա։
«Ռոսնեֆտի» 500 մլն-ը պետք է հունվարին այստեղ լիներ, եւ ակնկալվում էր, որ մինչեւ մարտի 5-ը Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ եւ դրանից բխող բոլոր բարեբեր հետեւանքներով, ինչպես խոստացել էին ռուս գործընկերները, հայաստանյան շուկան չհեղեղվեց նոր ներդրումներով»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Վերլուծաբանը նշեց, որ որքան էլ հոկտեմբերի 10-ին ստորագրվեց ԵՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը վավերացման վերջին փուլում է գտնվում, անորոշությունները Հայաստանի համար ոչ թե վերացել են, այլ տեղափոխվել են 2015թ։
«Տարվա 2-րդ կեսին հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը եւ տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ինձ թույլ են տալիս ասելու, որ 2015թ. նույնպես կունենանք մեծ ռիսկեր լարվածության առումով. ուղղաթիռի խոցման պատմությունը, դիվերսիոն հարձակումները դրա վառ ապացույցն են։ Այդ լարվածություններին նպաստում են ոչ միայն Հայաստանի անորոշությունները, որոնք դրդում են Ադրբեջանին նման քայլերի, այլեւ Ադրբեջանի՝ միջազգային վերահսկողությունից դուրս մնալը եւ համատարած պարտավորություններին դեմ գնալը»,- ասաց վերլուծաբանը։
Անդրադառնալով 2015թ. սպասվող քաղաքական հնարավոր իրադարձություններին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը վտանգի տակ կդնի Ղարաբաղը։
«Եկող տարի Ադրբեջանի հաշվարկները նույն են, որ Հայաստանը ներքին առումներով թուլացած կլինի, բզկտված կլինի, հասարակական դժգոհությունը մեծ կլինի, ընդդիմության գործողությունների հավանականությունը շատ կլինի, դա Ադրբեջանին թույլ կտա որոշակի գործողությոնների գնալ, մանավանդ որ նրանց թվում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը եւ Ղարաբաղը առանձին հարթությունների վրա են գտնվում, ինչը նրա կողմից հերթական սխալ հաշվարկի հիմք կծառայի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։



























