Բնապահպանության նախարարությունը չպետք է այդքան խիստ լիներ արտեզյան ջրհորների պարագայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հայկական «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:
Նրա խոսքով, ընկերությունը վայրկյանում 1.100 լիտրի չափով արտեզյան ջուր օգտագործելու թույլտվություն էր ստացել: Ընդհանուր առմամբ, այն 11 ջրհոր ուներ, յուրաքանչյուրից ձկնաբույծները ցանկանում էին 100-ական լիտր վերցնել: «Իհարկե, ջրհորների ընդհանուր տարողությունն ավելին էին, բայց դա չի նշանակում, որ մենք թույլատրվածից ավելին էինք վերցնելու: Եթե նման բան տեսնեն, թող գան եւ ստուգեն: Անհրաժեշտության դեպքում նաեւ թող տուգանեին»,- ասաց Մկրտչյանը:
2014 թվականի օգոստոսի վերջին Բնապահպանության նախարարությունն ընկերության երկու ջրհոր է փակել: «Ամեն դեպքում, մնացած 9-ով կարելի է շարունակել բուծումը: Մենք դրա համար էլ ավելի շատ ենք փորել, որպեսզի մեծ տարածությունում ավելի դյուրին լինի խողովակներ անցկացնել: Գլուխ կհանենք»,- նշեց ընկերության տնօրենը:
Ըստ Արմեն Մկրտչյանի, չնայած ընկերությունը կորցրեց սեփական միջոցների հաշվին փորած երկու ջրհորները, ամեն դեպքում, որոշել են նախարարությանը պահանջներ չներկայացնել:




























