Մոսկվայի բորսայում սակարկությունները սկսելու պահին դոլարի փոխարժեքը հասել է 59,3 ռուբլու, հետո նվազել է եւ Մոսկվայի ժամանակով 10:35-ի դրությամբ  կազմել  54,84 ռուբլի:

Եվրոյի փոխարժեքը սկզբում կազմել է 72,49 ռուբլի,  հետո իջել 67,97 ռուբլու: Այս մասին վկայում են բորսայի տվյալները:

Գլխավոր բացասական գործոնը, որը ճնշում է գործադրել ռուսական արժույթի վրա,  շարունակում է մնալ նավթի ցածր գինը: Բացասականն ավելացրել են նաեւ նախօրեին հրապարակված մակրովիճակագրության  ցածր տվյալները: Դեկտեմբերի 29-ին էկոնոմիկայի նախարարությունը  հայտնել էր Ռուսաստանի ՀՆԱ-ի նվազման մասին՝ տարեկան  0,5%-ով, նոյեմբերի ադյունքների համաձայն: Եվ սա Ռուսաստանի ՀՆԱ-ի առաջին նվազումն է 2009թ.-ից հետո, հայտնում է  «lenta.ru»-ն:

Անցած տարվա ընթացքում դոլարը  ռուբլու նկատմամբ թանկացել է 68%-ով,  եվրոն՝ 49%-ով: Ռուբլին դոլարի եւ եվրոյի նկատմամբ նվազում է  արդեն վեց ամիս, ընդ որում՝ դեկտեմբերին դրա նվազման տեմպերը զգալիորեն արագացել են: