«Ժառանգություն» կուսակցության վեցերորդ համագումարը վարչության կազմում ընտրել է 11 հոգու, որոնց թվում են կուսակցության հիմնադիր, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգություն» կուսակցության նոր անդամ Ռուբեն Հակոբյանը եւ կուսակցության 8 շարքային  անդամներ։

Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կայանալիք նախագահական ընտրություններին  նա կցանկանար ընդդիմությանը  տեսնել համախմբված , սակայն եթե ընդդիմադիր ուժերը  չկարողանան հանդես գալ մեկ միասնական ճակատով, «Ժառանգությունը» հանդես կգա առանձին։ 

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններին ընդդիմությունը կներկայացնի միասնական այլընտրանքային թեկնածու, եւ լավ կլինի, որ այն կին լինի։

Պատասխանելով այն հարցին, թե ընդդիմությունից ո՞ւմ հնարավորություններն են ավելի շատ հանդես գալ  որպես մեկ միասնական թեկնածու, ի՞ր, թե՞ Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի  ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանինը, Հովհաննիսյանն ասաց.

«Ե՛ւ ես,  եւ՛ Տեր Պետրոսյանը ունենք մեր թերությունները եւ առավելությունները, սակայն ո՞վ հանդես կգա ընդդիմությունից , մենք չենք որոշում»:

Մեկ ժամից նոր վարչությունը կընտրի կուսակցության վարչության նախագահին, որը հավանաբար կդառնա Րաֆֆի Հովհաննիսյանը։