Հայ-գերմանական բարեկամությունը ամրապնդելու համար՝ Գերմանիայի Բոխում քաղաքում, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ տնկվելու է մոտավորապես 150 սոսի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն -1860» գիտամշակութային կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը:
«Մեր միության 150-ամյակի եւ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ցանկանում ենք 150 սոսի տանել Հայաստանից եւ տնկել Բոխում քաղաքում՝ ստեղծելով հայկական պուրակ, որտեղ հետագայում կկազմակերպվեն միջոցառումներ»,- ասաց Ազատ Օրդուխանյանը:
Գիտամշակութային կազմակերպության նախագահի խոսքով, միջազգային հանրությանը Ցեղասպանության եւ հայ ժողովրդի մասին պետք է տեղեկացնել գիտության եւ գքրի միջոցով:
«Ցեղասպանության 100-ամյակին չենք ցանկանում խաչքարային ստանդարտ ձեւով մոտենալ, այլ ցանկանոմ ենք Բոխումի քաղաքապետարանի դահլիճներից մեկի դիմաց՝ մեծ մարմարե սրահում կանգնեցնել գրքի հուշարձան, որի հեղինակը քանդակագործ Մարիետա Արմենան կլինի: Քանդակը ժայռի մեջ ճեղքված գրքի տեսքով է լինելու, որը խորհրդանշում է մեր հակական լեռնաշղթան»,- ասաց Ազատ Օրդուխանյանը՝ նշելով, որ իրենք ցանկանում են խաչքարը փոխել գրքով:
Ազատ Օրդուխանյանի խոսքով, նրանք Գերմանիայում թուրքական համայնքի կողմից երբեմն խոչընդոտների են հանդիպում:
«Լինում է մշակութային, կամ այլ տիպի միջոցառումներ, որոնք մենք կազմակերպում ենք բաց դահլիճներում եւ մարդիկ ազատ կարող են գալ եւ նստել: Շատ դեպքերում դահլիճի տարբեր հատվածներից տարբեր ձայներ ենք լսում, եւ զգում ենք, որ ցանկանում են խոչընդոտել»,- ասաց Ազատ Օրդուխանյանը՝ նշելով, որ չնայած թուրքական համայնքը բավականին հզոր է, սակայն գերմանահայ համայնքը եւս բաղկացած է մոտավորապես 40 հայկական կազմակերպություններից եւ միություններից:




























