Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը կատարված է. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երեւանյան 17 հասցեում գտնվող բնակելի շենքի 16 ընտանիք այսօր ստացել է բնակարանի սեփականության վկայագիր: Այս մասին կառավարության ղեկավարը խոստացել էր նշված շենքի բնակիչներին ս.թ. օգոստոսի 27-ին Կոտայքի մարզ աշխատանքային այցի ժամանակ:

Եղվարդի Երեւանյան 17 հասցեում գտնվող շենքի բնակիչները վարչապետին էին դիմել իրենց կողմից դեռեւս 1991 թ. զբաղեցրած բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու խնդրանքով, եւ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, Կոտայքի մարզպետարանին եւ Եղվարդի քաղաքապետարանին՝ կազմակերպել այդ բնակարանները սեփականության իրավունքով բնակիչներին տրամադրելու գործընթացը: Շենքը պատկանում էր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդերքաբան» ԲԲԸ-ին, եւ ս.թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր համապատասխան որոշում՝ թույլատրելով «Ընդերքաբան» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երեւանյան 17 հասցեում գտնվող 120 մլն դրամ շուկայական արժեք ունեցող բնակելի շենքը (ընդհանուր մակերեսը 1673.6 ք/մ) մասնակի հատուցմամբ 30 մլն 516 հազ. 838 դրամ արժեքով օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության եւ անհատույց նվիրել շենքում բնակվող 16 ընտանիքին:

Շենքի բակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ 16 ընտանիքին բնակարանների սեփականության վկայագրերը հանձնել են ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից շնորհավորել է բնակիչներին բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու առիթով եւ խնդրի լուծման գործում կարեւորել պատկան մարմինների հետեւողական աշխատանքը: Գուրգեն Դումանյանը խորհրդանշական է համարել Ամանորի նախաշեմին բնակարանների սեփականության վկայագրերի հանձնումը եւ, շնորհավորելով գալիք տոների առթիվ, մաղթել առողջություն եւ հաջողություն:

Նշելով, որ սա ամանորյա լավագույն նվերն էր իրենց ընտանիքների համար, բնակիչները շնորհակալական խոսք են հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խոստումը կատարելու եւ իրենց կողմից տասնյակ տարիներ բարձրացված հարցին վերջնական լուծում տալու համար: