Գիտնականները հերթական անգամ ապացուցել են սեղանի սպասքավորման եւ համային զգացողությունների միջեւ կապը: Ըստ Kedem-ի, Օքսֆորդի համալսարանի փորձագետները կարծում են, որ սպասքավորման ձեւը զգալի ազդեցություն է ունենում ուտեստի համի վրա:
Աղբյուրի համաձայն, բազմաթիվ մարդիկ գեղեցիկ մատուցված սնունդն ավելի համեղ եւ թանկարժեք են համարում, քան ավանդաբար մատուցվածը: Չարլզ Միշելի անցկացրած հետազոտության ժամանակ մասնակիցներին միեւնույն բաղադրիչներով 3 տեսակի աղցան են մատուցել:
Աղցաններից մեկի բաղադրիչների դասավորությունը հիշեցրել է Կանդինսկիին. վառ, հավասարակշռված գունային բծեր՝ աբստրակցիոնիզմի ոճով: Մյուսը ռեստորանային սովորական աղցանի տեսք է ունեցել, իսկ երրորդի բաղադրիչներն ափսեում խնամքով դասավորված են եղել առանձին-առանձին:
Փորձի մասնակիցներն ուտեստի որակը գնահատել են համտեսելուց առաջ եւ հետո: Պարզվել է, որ Կանդինսկիի ոճով աղցանը համտեսելուց առաջ ավելի թանկարժեք եւ որակյալ տեսք է ունեցել, ինչը զարմանալի չէ: Սակայն համտեսելուց հետո էլ արդյունքները նույնն են եղել. «Կանդինսկիի աղցանը» մյուսներից 18%-ով ավելի համեղ են գնահատել:



























