Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական երկու գործողությունների հետեւանքով վիրավորված Վոլոդյա Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: 

Նա նշեց, որ ԼՂՀ-ում զինծառայողի թոքը եւ երիկամը վիրահատելուց հետո այստեղ եւս նրան կվիրահատեն, երբ վիճակը կայունանա: «Ոզնաշարը պետք է վիրահատեն, սպասում ենք, հենց վիճակը թույլ տա, կվիրահատենք, հավանաբար 5-6 օրից»,-ասաց հոսպիտալի պետը:

Արամ Ասատուրյանը նշեց, որ զինծառայողի առողջական վիճակում վատացում չունենալը արդեն իսկ առաջընթաց է: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին, բայց կարող է նաեւ ինքնուրույն շնչել, պարզապես բժիշկները նպատակահարմար չեն գտնում օրգանիզմը ծանրաբեռնել:

Նշենք, որ Վոլոդյա Հարությունյանը Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքից է, ամուսնացած է, ունի դպրոցական երեխա:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:

Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: