«Դժվար ապրուստ» եւ մի քանի այլ հեռուստասերիալներում նկարահանված դերասան, 56-ամյա Սամվել Ղարիբյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդությունն այսօր՝ հունվարի 6-ին, կքննարկվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ղարիբյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ անկախ նրանից, թե ինչ որոշում այսօր կկայացնի դատարանը, ինքը հայաստանյան դատական ատյաններում, այնուհետեւ ՄԻԵԴ-ում, բողոքարկելու է իր պաշտպանյալին 2 օր անհիմն ձերբակալված պահելու որոշումը:
Փաստաբանը պատմեց, որ երբ վթարը եղել է, Սամվել Ղարիբյանը փորձել է այդ կնոջը գրկել, տեղավորել մեքենայի մեջ, սակայն մայրը թույլ չի տվել, այնուհետեւ իր պաշտպանյալը զանգել է «Շտապօգնություն», մոտ 20 վայրկյան զանգ է գնացել, ոչ մեկ չի պատասխանել, այս խոսակցության վերծանումը պաշտպանական կողմն ունի: Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ դրանից հետո Սամվել Ղարիբյանը հենց դեպքի վայրում է փորձել օգնություն ցույց տալ, ստուգել զարկերակը, համոզվել, որ շնչում է եւ այլն, այդ ընթացքում, երբ լսել է, որ մեկը զանգել է «Շտապօգնություն» եւ նկարագրում է դեպքի վայրը, հեռացել է: «Նա եւս եղել է շատ վատ վիճակում, նյարդային խնդիրներ ունի, շուտ է ինքնատիրապետումը կորցնում: Մեքենայի մեջ իր հետ եղել է նաեւ իր կինը, ով եղել է կիսաուշագնաց վիճակում»,-պատմեց փաստաբանը:
Հայկ Ալումյանն ասաց, որ հետիոտնի հիվանդանոց տեղափոխելուց հետո վարորդը անընդհատ նրան այցելել է, բժիշկների հետ կապի մեջ եղել, հետաքրքրվել առողջական վիճակով: Կինը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 5 օր, իսկ դրանից մի քանի օր հետո Սամվել Ղարիբյանին ձերբակալել են: Փաստաբանը վստահեցրեց, որ նա չի խուսափել նախաքննական մարմնից, առանց ծանուցագրի, մի զանգով միայն գնացել, ներկայացել է քննության մարմնին, նրան հարցաքննել են: Հայկ Ալումյանը վստահ է, որ հայտնի դերասանին ձերբակալելու հիմքեր չկան, քանի որ մինչեւ այժմ չկա դատավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, դեռ հայտնի էլ չէ՝ ով է մեղավոր՝ վարորդը, թե հետիոտնը: Դրանից բացի՝ փաստաբանի փոխանցմամբ՝ տուժող կողմը որեւէ բողոք չունի, ասել է, որ Սամվել Ղարիբյանը ինչ կարողացել, արել է: «Ձերբակալել են, որ ցույց տան, որ աշխատանք են տանում, իրենք ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ թվալ, 2 օր է՝ նրան անհիմն ձերբակալած պահում են, չի կարելի այդ կանխարվարկածով առաջնորդվել, որ եթե դեպք կա, ուրեմն վարորդն է մեղավոր»,-ասաց փաստաբանը:
Իսկ թե ինչպես է եղել դեպքը, Հայկ Ալումյանը նշեց, որ հետիոտնը եղել է երթեւեկելի մասի վրա՝ մայթեզրից մոտ մեկ մետր հեռավորությամբ, իսկ նրա մայրը մայթով քայլելիս է եղել: Նա վստահեցնում է, որ Սամվել Ղարիբյանը չի գերազանցել սահմանված արագությունը, ալկոհոլ օգտագործած չի եղել: «Ինքը ասում է՝ քշել է, դեմը ոչ մեկ դուրս չի եկել, հետո անցնելուց կարծես մեկը մեքենայի դեմը դուրս գա աջից, այդ կնոջ վրա նույնիսկ հարվածի հետք չկա, մեքենան իր կողքով անցնելիս ձախ է մտել: Ասում է՝ նույնիսկ չեմ տեսել, որ մարդու եմ հարվածել, կինն է ասել, որ մարդու հարվածեցինք, մեքենայի վրա վնասվածք չկա, լուսարձակն է կոտրված: Մեքենայից հրվելուց այդ կինը գլուխը խփել է մայթեզրին, եթե մեքենայից վնասվածք լիներ, պետք է լիներ հետեւից՝ մեջքի շրջանում, որտեղով դիպել է մեքենային, բայց նա այդ հատվածում վնասվածք չուներ, հետիոտնը մահացել է գլխի դիմացի մասի վնասվածքից»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երեւան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ 56-ամյա Սամվել Ղարիբյանը: Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը , վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ: Վրաերթից հետո Ս. Ղարիբյանը Գ. Հայրապետյանին թողնում է անօգնական եւ հեռանում դեպքի վայրից: Օրեր անց Գ. Հայրապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահանում է:
Ս. Ղարիբյանը հանրությանը հայտնի է «Դժվար ապրուստ» եւ մի քանի այլ հեռուստասերիալներում նկարահանված դերերով, իսկ նրա եղբայրը հայտնի գործարար Մանվել Ղարիբյանն է, ով զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ: Մյուս եղբայրը՝ «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատերերից է:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի




























