Անցած դեկտեմբերը, բացի մանրածախ գների ավանդական թռիչքից, նշանավորվեց ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկմամբ: Դա առեւտրականների համար լրացուցիչ «խթան» դարձավ՝ տոնից առաջ պահանջարկ վայելող սննդամթերքի գները բարձրացնելու համար:

Պաշտոնական տվյալներով, սպառողական գների ինդեքսը դեկտեմբերին կազմել է 104,6 տոկոս, սննդամթերքի գծով՝ 106,2 տոկոս: Մեր շատ համաքաղաքացիների՝ գների ամանորյա խրախճանքի ականատեսների, այդ ցուցանիշը, մեղմ ասած, հավատ չի ներշնչում: Բայց այստեղ պետք է հաշվի առնել մեթոդոլոգիակն բնույթի մի նրբություն: Բանն այն է, որ գների թվով վերջին հետազոտումն իրականացվում է ամեն ամսվա 20-ին: Պարզ ասած, դեկտեմբերին արձանագրված ամենաբարձր գները (որոնք աձանագրվում են հատկապես վերջին տասնօրյակում) պարզապես չեն արտացոլվել պաշտոնական տվյալներում:

Իհարկե, նախորդ տարվա դեկտեմբերին գների հետ նույնպիսի իրավիճակ էր առաջացել: Բայց, ինչպես վերը նշվեց, դոլարի ամրապնդումն այս անգամ պատրվակ դարձավ անհիմն գնաճի: «Ձեռնարկատերերի» ռազմավարությունը չափազանց պարզ է՝ աշխատել ավելի շատ դրամ՝ հետագայում փոխանակման ժամանակ կորուստներ չկրելու համար: Միայն մեկ օրինակ, ընդամենը մեկ ամսում շաքարավազը 4,6 տոկոսից թանկացավ մինչեւ 15,4 տոկոս:

Թանկացող ապրանքների ցանկը հետեւողականորեն աճում է: Բացի սննդամթերքից, այդ գործընթացում ներգրավված են նաեւ ներմուծվող ոչ պարենային ապրանքները: Մասնավորապես, մանրածախ վաճառքում արագորեն «վերանայում» են կենցաղային սարքերի եւ համակարգչային տեխնիկայի գները: Նշենք, որ դոլարն ամենաբարձր ցուցանիշն ունեցել դեկտեմբերի 17-ին (527 դրամ), իսկ ամսվա վերջին զգալի նվազեց (475 դրամ): Թե գների վերանայման ընթացքում վաճառողների կողմից որ ցուցանիշը կօգտագործվի, դեռ հստակ չէ: