Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ. արք. Արամ Աթեշյանը հայտարարել է, թե անհասկանալի է, թե ինչու են օտար երկրների խորհդարանները օրենքներ ստեղծելու փոխարեն պատմական խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունում:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի քաղաքապետարանի մշակութային եւ սոցիալական հարցերով վարչության եւ մի շարք թուրքական կազմակերպությունների կողմից հայ-թուրքական հարաբերություններին նվիրված կոնֆերանսին Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանը հայտարարել է, թե վնասվածք ստացած հայ եւ թուրք ժողովուրդները պետք է ձեռք-ձեռքի քայլեն եւ նույնիսկ պետք է վազեն դեպի առողջ ապագա:

«Իսկ այդ վնասվածքները բուժող օտար բժիշկները ավելի են խորացնում վնասվածքը: Մասնավորապես, օրենքներ ընդունելու իրենց գործը մի կողմ են թողել եւ մասնագետ չլինելով հանդերձ պատմական խնդիրների հետ կապված որոշումների ընդունման հիմնարկների են վերածվել, ինչը հասկանալն անհնարին է: 

Այդ խորհրդարաններին պետք է հարցնել. եթե ձեր արածը ճիշտ է, ինչու եք 100 տարի սպասել, իսկ եթե ճիշտ չէ, ինչու եք պնդում եւ նախադեպ ստեղծում:
Եկել է ժամանակը, որ Հայկական հարցը միջազգային հարթակներում որպես խաղաթղթերի կապուկի ջոկեր օգտագործվելուն վերջ տրվի»,-ասել է արք. Արամ Աթեշյանը: