Հունվարի 8-ին մոտորանավակով Սեւանա լիճ դուրս եկած՝ Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյանների որոնողական աշխատանքները շարունակվում են: Սեւանի փրկարարական ջոկատից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ մառախուղի պատճառով առայժմ նրանց չեն կարողանում հայտնաբերել:

Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որոնվող տղամարդիկ հարազատներ են, Սեւանա լիճ են դուրս եկել խեցգետին բռնելու:
 «Բարեբախտաբար, երկուսն էլ ողջ առողջ են, կապի մեջ են գյուղացիների հետ, պարզապես մոտորանավակի շարժիչը փչացել է, մառախուղ է, իրենք էլ կողմնացույց չունեն»,- ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ համագյուղացիների որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ համագյուղացիները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 8-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյանները մոտ 4 ժամ առաջ մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և վատ տեսանելիության պատճառով (մառախուղ) չեն կարողանում վերադառնալ:
ԱԻՆ հաղորդմամբ`դեպքի վայր են մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը: