Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել են տասներկու անձինք:
«Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու, Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, Ֆրանսիայի ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին ու բարեկամներին:
Խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական սարսափելի գործողությունը եւ բռնությունը, որ գործադրվել է Քրիստոնյա աշխարհի համար այս սրբազան օրերին», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունը հորդորել է միջազգային հանրությանը դատապարտել ահաբեկչության բոլոր դրսեւորումները` հանուն աշխարհում արդարության, խաղաղության եւ կայունության ամրապնդման:




























