Բոլոր նրանք, ովքեր «Ժառանգություն» կուսակցության հուլիսի 10-ի համագումարը  համարում են արտահերթ` տգիտության մեջ են խարխափում` NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նման գնահատական է տվել կուսակցության  վարչության նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը:

Արտահերթ համագումար պետք է տեղի ունենար արտակարգ իրավիճակի պարագայում, այն դեպքից հետո, երբ  վարչության երեք անդամները` ես` Արիստակեսյանս,  Զոյա Թադեւոսյանը եւ Վարդան Խաչատրյանը 2009 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած վարչության  նիստում հեռացվեցինք կուսակցությունից, որին հետեւեց շուրջ 100 անդամների դուրս գալը կուսակցությունից:  Ըստ կանոնադրության, վարչության անդամներն իրավունք չունեն հեռացնել իրենց հետ հավասար կուսակցականին` վարչության անդամին, որովհետեւ կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է: Համագումարին է վերապահվում կուսակցության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը: Մինչդեռ, մեզ հեռացրել են ապօրինի, որովհետեւ վարչության նիստը, որի ընթացքում մեզ հեռացնելու որոշում է կայացվել, եղել է ապօրինի, քանի որ քվորում չի եղել:

Եվ բացի այդ, արտահերթի վերաբերյալ որոշում կայացնող մարմինը՝ վարչությունը, ապօրինի է, չի ընտրվել նախորդ համագումարի կողմից:

Եւ երրորդ, 2008թ. հուլիսի 11-ին եղել է հերթական համագումարը։ Ըստ կանոնադրության՝ այս տարվա հուլիսի 10-ին պետք է լիներ հերթական համագումարը։  Հարց է ծագում` եթե արտահերթը  հուլիսի 10-ին տեղի ունեցավ, բա հերթակա՞նը երբ է լինելու։

Պարոն Արիստակեսյան,  «Ժառանգության»  վարչության նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարում հայտարարեց, թե «ոմանք, որ դուրս եկան «Ժառանգությունից, իրենց վարկով, արտահայտություններով ու գործունեությամբ փաստեցին, որ իրենց սրտերն ու նվիրումները վաղուց է, ինչ «Ժառանգության» հետ չեն»: Ի՞նչ կասեք այս մասին:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ` կեղծում է եւ կեղծիքը շարունակում է մինչեւ վերջ: Կարծում էի, որ բավականին լավ ընտանիքից սերած անձնավորություն է, ունի շատ առաքինի կենսագրություն եւ պետք է որ ականջալուր լիներ «Ժառանգության» սրտին ու նվիրումին հավատարիմ մարդկանց, ովքեր պնդում էին, որ կեղծիքներ են իրականացվում իր կուսակցության ներսում: Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իշխանություններին քննադատում է ստի ու կեղծիքի համար, իբր թե պայքարում է ընտրակեղծիքների դեմ, պարզվում է`հանդուրժում է կեղծիքներն իր կուսակցության մեջ:

Առաջին կեղծիքը եղավ դեռ 2006-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ պարոն Հովհաննիսյանի գիտությամբ կուսակցության խորհրդի որոշումը նենգափոխվեց, եւ ԿԸՀ ներկայացվեց «Ժառանգության» համամասնական կեղծ ցուցակը, որի հետեւանքով իմ` Մովսես Արիստակեսյանիս փոխարեն պատգամավոր դարձավ Արմեն  Մարտիրոսյանը: Երբ մենք այս մասին բարձրաձայնեցինք` դա ընկալվեց  որպես կուսակցությունը պառակտելու փորձ: Այնուհետ եկավ «Ժառանգության» 2008 թվականի  5-րդ համագումարը, որի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը Ստյոպա Սաֆարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Գեւորգ Կալենչյանի, Մամիկոն Սարգսյանի հետ միասին 54 քվեաթերթիկ կեղծել էին, որպեսզի վարչության անդամներ չընտրվեն Մովսես Արիստակեսյանը, Զոյա Թադեւոսյանը եւ այլք: Մենք ընդվզեցինք նաեւ այդ կեղծարարության դեմ եւ պահանջեցինք, որ այդ հարցը քննարկվի վարչությունում:  Ես, որպես վարչության փոխնախագահ, նամակ գրեցի պարոն Հովհաննիսյանին` տեղեկացնելու տեղի ունեցածի մասին: Նա մոտ մեկ ամիս հետո պատասխանեց, ասելով, թե այդ կեղտը դուք եք եփել, դուք էլ լուծեք դա:  

Եւ վերջապես` 2009-ին մենք հավաքվեցինք գաղտնի խորհրդակցության պարոն Հովհաննիսյանի մոտ, որպեսզի վերջնականապես լուծենք այդ խնդիրը, որպեսզի մեղավորները պատժվեն, այլ ոչ թե պաշտոնի բարձրացում ստանան. խոսքը Արմեն Մարտիրոսյանի մասին է, ով դարձավ խորհրդարանական խմբակցության ղեկավար:  Նա ասաց, թե համարեք, որ կեղծիքը ես եմ արել, ես եմ հովանավորել, ձեններդ կտրեք, լուռ մնացեք: Ասացինք ոչ, մենք չենք կարող թույլ տալ կեղծիք կուսակցության մեջ, հատկապես որ հայտնաբերել էինք, որ Արմեն Մարտիրոսյանը կուսակցություն է ներդրվել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից: Վերջապես մենք դիմեցինք խորհրդին` հարցը քննարկելու համար, սակայն արձագանքը եղավ այն, որ նրանք որոշեցին ազատվել մեզանից: 

Եւ բացի այդ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց վայր դնել իր մանդատը, նրա օգնականը զանգահարեց ինձ ու ասաց, թե  հանկարծ մտքովդ չանցնի վերցնել մանդատը, եւ եթե վերցնես` ընտանիքիդ անդամների հետ վատ բաներ կպատահեն: Դրանից բացի Հովհաննիսյանն ինձ ուղարկված իր նամակում քաղաքավարի կերպով ահաբեկելով՝ խորհուրդ տվեց չվերցնել մանդատը (ըստ կարգի, եթե Ր. Հովհաննիսյանը վայր դներ իր մանդատը, ապա  «Ժառանգության» համամասնական ցուցակով պատգամավոր պետք է դառնար Մովսես Արիստակեսյանը-խմբ.): Եւ այսքանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն անհարմար չի զգում, թեւերը փռում է կեղծիքի վրա, ու դեռ այսքանից  հետո ուզում է դառնալ հանրապետության նախագա՞հ: Չի’ կարող:

Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարում առաջարկեց նաեւ, որ կուսակցությունից հեռացված այն անձինք, «ովքեր իրենց այս ընթացքում կոռեկտ են պահել», կարող են դիմել վարչությանն ու իրենց գործունեությունը շարունակել կուսակցությունում: Այս առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում:  

Պարոն Հովհաննիսյանի ասածն առնվազն կոռեկտ չէ, քանի որ լինելով կուսակցության հիմնադիր անդամ` պարզապես չգիտի իր կուսակցության կանոնադրությունը: Դա  անգրագիտություն է, որը թույլ է տալիս նա, որովհետեւ կուսակցության առաջնորդը պիտի իմանա, որ կուսակցության վարչության անդամին հեռացնելու իրավասություն ունի միայն համագումարը: Մի շատ կարեւոր հանգամանք. երբ մեր նախկին կուսակիցները  վարչության ապօրինի նիստում մեզ  հեռացրին ոչ միայն վարչությունից, այլ նաեւ կուսակցությունից, մենք դիմեցինք կուսակցության խորհրդին, որն, ըստ վերադասության, վարչությունից հետո հաջորդ մարմինն է, որպեսզի կանոնադրության համապատասխան կետերի համաձայն՝ խորհրդի նիստ անցկացնի եւ հրավիրի արտահերթ համագումար: Անգամ մեր այդ դիմումը նրանք չլսեցին: Այդ ժամանակ 2009 թվականի հոկտեմբերի 1-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կոռեկտությունից է խոսում, անկոռեկտությամբ հայտարարեց, որ կլինի արտահերթ համագումար: Հուսով էինք, որ այդ համագումարը կլիներ մինչեւ դեկտեմբեր` երեք ամսվա ընթացքում, քանի որ դա է կանոնադրության պահանջը: Սակայն անկոռեկտներն ու անխոհեմներն այդպես էլ չհրավիրեցին համագումար: Եթե որեւէ մեկը կա, ով կարող է կրկին դիմում տալ ու ետ գնալ կեղծիքի ու ահաբեկչության կուսակցություն, խնդրեմ, թող գնա: Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որին ճանաչում եմ 1994 թվականից, եւ որը մեծ ժողովրդականություն էր վայելում, իր բարի համբավը ծառայեցրեց փառամոլ ու իշխանատենչ կուսակցականների նկրտումներին: 

Հ.Գ.  2008 թ. հուլիսին` «Ժառանգության» 5-րդ համագումարից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին ուղարկված նամակին, որում  Մովսես Արիստակեսյանը ահազանգել է համագումարի ընթացքում տեղի ունեցած, իր ձեւակերպմամբ,  կեղծարարությունների մասին,  Հովհաննիսյանը բավական ուշացումով է պատասխանել: Մովսես Արիստակեսյանը մեզ հետ զրույցում գաղտանզերծեց այդ նամակը, որում գրված է. «Հարցը քննարկել վարչության նախագահ Անահիտ Բախշյանի հետ: Իմ անունը չխառնել սույն անվայել իրավիճակի արձանագրման հետ: «Ժառանգությունն» իմ վարկն է, ամբողջովին փոխանցվելու  դիմաց սա ինձ ուղղված ու հասանելիք անհատական ու հավաքական երախտիքի պատասխա՞նն է: Այս գրությունը չհամարել ո՛չ հանձնարարական, ո՛չ էլ նամակ, առ ոչինչ է այս նամակը»: 

Զրուցեց Հեղինե Մանուկյանը