Շանհայի ֆինանսական կենտրոնը կիրակի չեղյալ է հայտարարել լուսնային օրացույցով Նոր տարվա ավանդական լապտերների փառատոնը: Ըստ BBC News-ի, Շանհայի իշխանությունները եւ Յույուան այգու (Ուրախության այգի) ղեկավարությունը, որտեղ ավանդաբար տեղի է ունենում տոնակատարությունը, առանձին հայտարարություններ են հրապարակել, որոնցում ասվում է, որ տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: 

2015թ. հունվարի 1-ին Շանհայում մարդկային զոհերի պատճառ դարձած քաշքշուք էր տեղի ունեցել: Ամբոխի մեջ ոտնատակ էին տվել 36 մարդու: Ողբերգությունը հատուկ ուշադրություն է հրավիրել նման զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության խնդիրների վրա:

Lenta-ի փոխանցմամբ, ավանդաբար Շանհայում Ամանորի տոնակատարություններն ընթանում են փետրվարին, տեւում են 18 օր: Անցյալ տարվա եռօրյա փառատոնին Շանհայում տոնակատարությանը մասնակցել էր  շուրջ 1.3 մլն մարդ: