Հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում այսօր` հունվարի 11-ին, ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն փորձի ժամանակ զոհված 80-ամյա Սերյոժա Սարգսյանը Ոսկեվան համայնքի բնակիչ էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ 80-ամյա ծերունին ոչխարներին տարել էր արածեցնելու:
«Ավանդական ընտանիք ուներ, ապրում էր որդու, երկու թոռնիկների հետ: Միշտ ոչխարներին տանում էր սարը, սահմանից մի երկու կիլոմետր է հեռու: Այս անգամ էլ էր տարել, ու այդպիսի դեպք պատահեց»,- ասաց գյուղապետը:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմն իրենց գյուղ չի հասել, հայկական ուժերը ժամանակին նկատել են դիվերսիոն խմբին:
«Բարեբախտաբար, գյուղին նյութական ոչ մի վնաս չի հասցվել, միակ դժբախտությունն այն էր, որ Ոսկեվանի բնակչին են սպանել»,- ասաց նա:
Նշենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կատարվածի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները: Հակառակորդի դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը (ծնված 1935 թ.)»:




























