Գինեսի ռեկորդների գիրքը հրապարակել է 2014թ. հիմնական ձեռքբերումները: Գլխավոր ռեկորդակիրներից է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացիներից բաղկացած թիմը, որը շշերի խցաններից տակառի տեսքով հսկայական խճանկար էր պատրաստել: Կոմպոզիցիան զբաղեցրել էր  150 քմ տարածք: Այն ստեղծելու համար պահանջվել էր 285 հազար խցան եւ 270 կգ սոսինձ: «Հսկա տակառ» անվանումն ստացած խճանկարին պատկերված են հին հունական աստվածները, Սանկտ Պետերբուրգի եւ Բորդոյի տեսարանները:

 Ռեկորդակիրների շարքում են նաեւ Պորտուգալիայի բնակչուհի Մարիա Կոնսեյսաուն (Maria Conceicao), որը յոթ մարաթոններից բաղկացած շարքը վազել է 41 օրում, եւ ամերկացի Փիթեր Նեսթլերը (Peter Nestler), որը  պարանով 100 ցատկ է կատարել 23,78 վայրկյանում: Բացի դրանից, Գիրքը նշել է 344  մարդու, որոնք միասին կատարել են Ֆիլիպինների ծիսական տինիկլինգ պարը՝ ԱՄՆ Դալլասի մարզադաշտում: Ցուցակում ներառված են նաեւ Ճապոնիայում արված  երկու ձեռքբերումներ. Լուսանկարվելու համար աշխարհի ամենամեծ տեսարանը (փայտե ցուցատախտակին լեռներ են պատկերված)  եւ ոլոռազգիներով ստեղծված ամենախոշոր  խճանկարը:

Տարվա կարեւոր ձեռքբերումների ցուցակը կազմվել է Գինեսի ռեկորդների գրքի կայքում քվեարկության արդյունքների համաձայն: Թվարկված վեց ռեկորդների հեղինակները եզրափակչում են, կայք այցելողները նրանց միջից պետք է ընտրեն մեկ հաղթողի: