Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպան Թիան Էրլունի հետ եւ հույս հայտնել, որ Երեւանի եւ Պեկինի միջեւ ձեւավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կունենան արդյունավետ զարգացումներ:

«Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան միջեւ համագործակցությունն իսկապես եղել է արդյունավետ ու կառուցողական, եւ հայ–չինական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարեւորում ենք Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի, ինչպես նաեւ Չինաստանում Հայաստանի դեսպանի դերը: Համոզված եմ, պարոն դեսպան, որ Դուք եւս մեծապես կնպաստեք ինչպես Երեւանի եւ Պեկինի, այնպես էլ չինական մյուս քաղաքների հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը», - ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության ու չինական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու եւ օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին եւ ծրագրերին:

«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու երկրների քաղաքների միջեւ բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար, ինչպես տնտեսական ծրագրերի իրականացման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Ու հատկապես հաշվի առնելով, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու ընդլայնման հարցում անչափ կարեւոր է անձնապես Ձեր դերը, նաեւ այն, որ դեսպանատանը շատ դրական կարծիքներ եմ լսել Ձեր մասին, համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կտա ցանկալի արդյունքը»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թիան Էրլունին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ եւս ընդգծել, որ քաղաքապետարանը կարեւորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը եւ, ըստ այդմ, իր լիազորությունների շրջանակում բաց եւ պատրաստակամ է չինական քաղաքների հետ փոխգործակցության էլ ավելի ընդլայնման հարցում: