ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով գործի քննության ընդունումը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ իրենք 2014 թ. նոյեմբերի 12-ին դիմում էին ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որով խնդրել էր ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ եւ 69-րդ հոդվածները այնքանով, որքանով սահմանափակում են արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ Նախագահի իրականացրած գործողությունների արդյունքում ընդունված վարչական ակտերի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19, հոդվածներին հակասող եւ անվավեր:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական եւ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարաններ, որոնցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Մաքսային միության անդամակցելուն ուղղված գործողությունները, մասնավորապես 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը:

ՀՀ վարչական եւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններ ուղարկված բողոքների քննությունը մերժվել էր, պատճառաբանությամբ, որ այդ հարցով ՀՀ վարչական դատարանը չի կարող զբաղվել, վկայակոչելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ եւ 69-րդ հոդվածները եւ արդյունքում անհնարին է դառնում ՀՀ որեւէ դատական ատյանում բողոքարկել ՀՀ նախագահի իրականացրած գործողությունները կամ անգործությունը:

Ելնելով այս հանգամանքից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Սահմանադրական դատարան էր դիմել վերոհիշյալ հարցով, սակայն ինչպես տեղեկանում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2014 թ. դեկտեմբերի 4-ին կայացված որոշումից՝ դատարանը մերժել է քննարկել այդ հարցը: Այսպիսով, ՀՀ նախագահի գործողությունների եւ անգործության բողոքարկումը կամ դրանց ոչ օրինաչափ ճանաչումը, ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշման, հանդիսանում է «անքննելի»: