NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Թուրքիայում ԱՄՆ դեսօանի՝ թուրքական «Hürriyet Daily News»-ում հրապարակված հոդվածը:
Հունվարի 19-ին Միացյալ Նահանգներում եւ Թուրքիայում հիշատակեցին երկու անձանց՝ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերին եւ Հրանտ Դինքին: Դոկտոր Մարտին Լյութեր Քինգ-կրտսերը գլխավորում էր ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքի ժամանակակից շարժումը՝ պայքարելով Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների եւ աֆրոամերիկացիների ու բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների համար, մինչեւ սպանվեց 1968 թվականին:
Հրանտ Դինքը Թուրքիայում աշխատում էր որպես լրագրող, նաեւ ակտիվիստ էր: Միաժամանակ, նա ոչ միայն անմիջականորեն իր համայնքի՝ Թուրքիայի հայ քաղաքացիների եւ հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքների եւ ժողովրդավարության համար էր պայքարում: Ինչպես դոկտոր Քինգը, Հրանտ Դինքը նույնպես իր գործունեության պատճառով սպառնալիքներ էր ստանում եւ, արդյունքում, 2007 թվականին նույնպես սպանվեց: Չնայած տարբերություններին, երբ ես մտորում են այս երկու տղամարդկանց ժառանգության մասին, հատկանշական նմանություն եմ տեսնում:
Ե՛վ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերը, ե՛ւ Հրանտ Դինքն իրենց կյանքի նվիրել են խաղաղությանը, հավասարությանը հասնելուն, արդարությանը նպաստելոն, ինչպես նաեւ մարդու հիմնարար իրավունքների եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն ու ապահովմանը: Երկուսն էլ բարի էին, կարեկից, բարեգործ. հատկանիշներ, որոնք նույնպես նրանց օգնեցին խորը եւ նշանակալի կապեր հաստատել հասարակության բոլոր շերտերի հետ: Երկուսն էլ մերժում էին բռնությունն ու ատելությունը՝ ձգտելով խաղաղության եւ սիրո՝ նպատակ ունենալով հաղթահարել տարաձայնությունները եւ միատեղել համայնքները: Երկու տղամարդիկ էլ իսկական հայրենասերներ էին, ովքեր հստակ հավատում էին, որ անարդարությունն արմատախիլ անելու դեպքում իրենց երկրներն ավելի ուժեղ կլինեն:
Երբ մենք հիշում ենք նրանց եւ հիշում նրանց ժառանգության մասին, պետք է հիշենք, որ վերջինների տեսլականն ամբողջությամբ չի իրագործվել: ԱՄՆ-ում բողոքի վերջին ակցիաները՝ կապված ոստիկանների կողմից անզեն աֆրոամերիկացու սպանության հետ, վառ հիշատակում է այն մասին, որ Միացյալ Նահանգներում դեռեւս պետք է աշխատել Մարտին Լյութեր Քինգի երազանքն իրականություն դարձնելու ուղղությամբ: Եվ այստեղ՝ Թուրքիայում, էթնիկ տարբեր համայնքներ շարունակում են հանդես գալ հավասար իրավունքների, ինչպես նաեւ Թուրքիայի հանրապետությունում ավելի խաղաղ եւ ներդաշնակ հարաբերությունների օգտին: Երբ կանգ ես առնում եւ մտածում ես, հասկանում ես, որ ե՛ւ Մարտին Լյութեր Քինգը, ե՛ւ Հրանտ Դինքը, ապագայի մասին նույն «երազանքն» ունեին, որտեղ բոլոր քաղաքացիներն իրապես հավասար են: 2015 թվականին մենք պետք է շարունակենք այդ մարդկանց ժառանգությունն ու զոհողությունները եւ աշխատենք, որ այդ երազանքներն իրականություն դառնան:




























