Երկուշաբթի օրը անհետացած ուսանողներին գտնելու պահանջով երթեր են տեղի ունեցել ողջ Մեքսիկայում. լրանում էր նրանց անհետացման չորս ամիսը:  

Երկրի շուրջ 20 քաղաքներում փողոց են դուրս եկել ուսանողներ, արհմիության  անդամներ, անհետացածների հարազատները, ուսուցիչներ եւ մարդու իրավունքների պաշտպաններ՝ 42 անհետացած ուսանողի գտնելու եւ այդ հանցագործության մեղավորներին պատժելու պահանջով , հայտնում է Telesur հետուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ուսանողներն ոստիկանության կողմից առեւանգվել էին սեպտեմբերի վերջին Իգուալա քաղաքում եւ հանձնվել «Միասնական մարտիկներ» խմբավորման  հանցագործներին: Ավելի վաղ Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլիո Քարամը հայտնել է, որ  ձերբակալվածները խոստովանել են մի խումբ մարդկանց սպանությունը: Հաղորդվում է, որ  նրանք այրել են մի քանի մարդու՝ Կոկուլա քաղաքի աղբանոցում:  

Մայրաքաղաք Մեխիկոյում երթը տեղի է ունեցել կենտրոնական  պողոտայով եւ հասել մինչեւ Սոկալո հրապարակ, որտեղ հարյուրավոր մարդիկ են հավաքվել: Մայրաքաղաքի հասարակական անվտանգության նախարարությունը հայտնել է, որ  երթի ընթացքում լուրջ միջադեպերի մասին տեղեկություն դեռ չկա: