Հունվարի 15-ին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հուղարկավորությունից հետո, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների կազմակերպիչները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Չի լինում էդպես, որ ինչ-որ մարդիկ կարող են մարդկանց տրամադրել նման երեւույթների, եւ կազմակերպիչներն անպատիժ մնան։ Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»,- ասաց նա։ 

Անդրադառնալով փաստին, որ այդ օրվա բողոքի ակցիայի մասնակիցներին հերթով կանչում են ոստիկանություն, ոստիկանապետն ասաց, որ դա արվում է միայն բախումների կազմակերպիչներին բացահայտելու նպատակով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը։