Անցած տարին Հայաստանի համար, ի թիվս այլոց, նշանավորվեց նաեւ ազգային արժույթի թուլացմամբ: ԱՄՆ դոլարի ամսական միջին անվանական փոխարժեքը, որը հունվարին 407,35 դրամ էր,դեկտեմբերին աճեց  463,53 դրամի:Այսինքն օրացուցային տարվա ընթացքոււմ դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվեց  14%-ով: Սկանդալային ռեկորդ սահմանվեց դեկտեմբերի  17-ին՝ 1 դոլարն արժեցավ 527,2 դրամ:

Հյուսիսային հարեւան Ռուսաստանում ռուբլին տառացիորեն փլուզվեց: Բայց նման  ընդարձակ երկրում դժվար է վերահսկել եւ կարգավորել արժութային շուկան: Այլ բան է Հայաստանում, որտեղ հեշտ էր խոշոր սպեկուլյանտներին հայտնաբերելը եւ նրանց նկատմամբ ազդեցության օրինական եւ այլ միջոցներ կիրառելը...

 Տարադրամի շուկայի վայրիվերումների ֆոնին վատացել են նաեւ  երկրի տնտեսության այլ կարեւորագույն երեւույթներ: Օրինակ՝  հանքարդյունահանման ոլորտում նկատելի են  անբարենպաստ միտումներ: Հունվար-նոյեմբերի տվյալներով՝ այս բնագավառում  արտադրանքի տարեկան ծավալը կրճատվել է 8,2%-ով: Այս ոլորտում առաջատարը մետաղական հումքի արդյունահանումն է, որը գրեթե ամբողջությամբ արտահանվում է: 

Լոնդոնի բորսայում անցյալ տարի պղնձի պահանջարկը նվազել է: Ըստ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալների՝ Հայաստանում  պղնձի հանքանյութի եւ խտանյութի միջին մաքսային  արժեքը նվազել է 1,3 անգամ: Նշենք, որ անցյալ տարի պղնձի գների ամենամեծ անկումը տեղի էր ունեցել IV եռամսյակում, որը շարունակվում է այս տարվա հունվարին:

Ըստ հունվար-նոյեմբեր ամիսների տվյալների՝ Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 6,6%-ով: Կոնյակը ավանդաբար արտահանվող ապրանքներից  երկրորդ տեղում է իր ծավալով: Ալկոհոլային խմիչքների արտահանման ամենամեծ նվազումը հունվար-սեպտեմբերին գրանցվել է  դեպի Ռուսաստան ուղղությամբ՝ 10,0%: Այնուհետեւ Ուկրաինան է՝  18,5% կրճատմամբ: Կան   հայկական կոնյակ ներկրող խոշոր երկրներ, որոնք ներկայումս ներգրավված են հակամարտությունում:

Ներքևում բերված գրաֆիկից տեսանելիորեն երևում է Հայաստանի տնտեսության երեք կարևորագույն ճյուղերի արտադրանքի ծավալի դինամիկայի անկայունությունը (անցյալ տարվա յուրաքանչյուր ամիսը տոկոսներով նախանցյալ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ):